Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանի ցավակցական խոսքը Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Խորը կսկիծով տեղեկացա Մեծ բարերարի, գործարարի և պարզապես մեծ հայորդու՝ Ասո Թավիթյանի անժամանակ մահվան մասին: Ասո Թավիթյանի հետ ինձ կապում են երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա իրապես հայրենասեր, ազգասեր մտավորականի վառ օրինակ էր, մարդ՝ ով իր ողջ գիտակից կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր ազգային ինքնությանը և իր ողջ ներուժը ծառայեցրեց հայրենիքի շենացմանը, սփյուռքում հայապահպանության ու հայանպաստ նախաձեռնությունների իրականացմանը: Նա չէր ցանկանում, որ իր մասին խոսեն և երբեք չէր սպասում գնահատանքի կամ երախտիքի խոսքերի, նա պարզապես անխոնջ ծառայում էր իր ազգին ու հայրենիքին: Անգնահատելի է Թավիթյանի դերը ժամանակակից սերնդի՝ հատկապես հանրային ծառայության մեջ ներգրավված երիտասարդ մասնագետների կրթման գործում: Ավելի քան երկու տասնամյակ իր կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորմամբ կենտրոնական բանկի շուրջ 100 աշխատակից հնարավորություն ստացան իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները զարգացնել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում: Նրա անմիջական աջակցությամբ կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի անդամներ հնարավորություն ստացան ուսումնառել Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում: Դա միայն գիտելիքի աղբյուր չէր մեր աշխատակիցների համար, դա նաև նոր մտածելակերպի ու աշխարհայացքի ձևավորման կարևորագույն հարթակ էր:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Թավիթյանի հետ իմ բազմաթիվ հանդիպումները: Նա երբեք առիթը բաց չէր թողնում այցելելու Կենտրոնական բանկ: Մեծ ոգևորությամբ ընդունեց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման փաստը և բարձր գնահատանքի արժանացրեց մեր կողմից տնտեսագիտության բնագավառում գիտահետազոտական ներուժի զարգացմանը և միջազգային առանցքային գիտական և ուսումնական կենտրոնների հետ  համագործակցության խորացմանը միտված ջանքերը:

Իմ վշտակցությունն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին, նրա կրթական նախաձեռնության հարյուրավոր շրջանավարտներին: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ հանրային կառավարման ոլորտում իր անգնահատելի ներդրումը՝ համոզված եմ կհավերժացվի նրա սիրելի «Թավիթյան շրջանավարտների» կողմից:

Արթուր Ջավադյան

Share