Բաժին. Ֆինանսական

Մհեր Գրիգորյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ տեսազանգին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները:

Տեսազանգի ընթացքում փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն, անդրադառնալով միջոցառումներին, դրանք օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակներում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:

Share