ՓՄՁ համգործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ, «Հիմնարկ»-ի համահիմնադիր Ռուբեն Օսիպյանի հետ զրուցել ենք ՙՙճգնաժամի ընձեռած հնարավորությունների՚՚, բիզնեսի խնդիրների ու հեռանկարների մասին:
Ռուբեն Օսիպյանը լավատես է: Թեև չի լսել, վարչապետի հայտնի՝ ՙՙճգնաժամի ընձեռած հնարավորությունների՚՚ մասին, այնուամենայնիվ, մասնագետը հույս ունի, որ ստեղծված իրավիճակի ընձեռած հնարավորություններից օգտվողներ կլինեն, թեև տնտեսական ցուցանիշների անկման մասին կանխատեսումները հետզհետե թվագրվում են վիճակագրությամբ:
Ըստ Օսիպյանի՝ մի շարք ոլորտների բացի, որոնց կրած վնասների մասին շատ է խոսվում, մեծ վնաս են կրել նաև մասնավոր մանկապարտեզները, նախակրթարանները:
«Հունվար-փետրվար ամիսները բավականին մեռած ամիսներ են այս ոլորտի համար: Հունվարին տոների առիթով չեն ուղարկում երեխաներին այդ կենտրոններ, փետրվարից կամաց-կամաց սկսում են հաճախել, իսկ մարտից արդեն այս վիճակն ունենք: Ստացվում է՝ այդ ամիսներին հաճախելիությունը քիչ է, բայց կոմունալ վճարումները շատ են: Ստացվում է, որ այդ ոլորտը մարտը սկսում է առանց ֆինանսական բարձիկի»:
Օսիպյանը նկատում է՝ կան ոլորտներն, որոնք ստեղծված իրավիճակում շահել են, մեծ հաշվով լավ օրինակ է առևտրի ոլորտը, այն էլ ի հաշիվ մեր ժողովրդի տարերային խուճապի:
Օսիպյանը կարծում է, որ համավարակը հնարավորություն տվեց անցնել բիզնեսի ավտոմատացմանը: Իսկ այն ձեռնարկությունները, որոնք ի սկզբանե անցել էին այդ գործընթացը, ճգնաժամից առանձնապես չեն ցնցվում:
Մեր դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակից շահած դուրս կգան խոշոր բիզնեսն ու մեծահարուստները, իսկ ՓՄՁ-ն ու ոչ այնքան բարեկեցիկ ապրող քաղաքացիները, Ռուբեն Օսիպյանը նախ ճշտեց՝ հո կոմկուսից չենք:
Օսիպյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակն ազդել է բանկերի, ինչպես նաև մոլերի վրա, որոնք բավականին խոշոր հարկատուներ են: Ըստ փորձագետի՝ փոքր ու միջին բիզնեսի տուժելը օրինաչափ է: Ամբողջ աշխարհում է այդպես. փոքրն ավելի խոցելի:
Բնականաբար չէինք կարող չհետաքրքրվել՝ արդյոք այս իրավիճակում շահեկան դիրքում չէ IT ոլորտը, Օսիպյանը, մեծ հաշվով, համաձայն է, բայց այստեղ էլ կարող է մարդկային ռեսուրսի պակասի խնդիրը ծագել: