Բաժին. Ֆինանսական

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՆԿԻ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` մարտի 24-ին, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակության ներկայացուցիչները` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ, Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցան Հայաստանի բանկային և գործարար շրջանակներ հետ` վերջիններիս ներկայացնելով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարությունն` առաջիկա տարիների համար: Հանդիպման շրջանակներում Անդրեյ Կոնդակովին, ներկայացնելով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերված արդյունքներն, ինչպես նաև բանկի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում, նշեց, որ բանկը վերանայել է իր գործունեության ուղղվածությունը Հայաստանում. երկրի տնտեսության վերականգնման միտումները ներկայումս հնարավորություն են ստեղծում բիզնեսի զարգացման ոլորտում իրաանացնել նոր ծրագրեր` համագործակցելով տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես նաև ֆինանսաբանկային համակարգի հետ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն, ով միաժամանակ նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Հայաստանի գծով տնօրենն է, միջոցառմանը հանդես գալով ողջյունի խոսքով, նշեց, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի համար ստեղծվում են նոր հնարավորություններ: Փոխվարչապետի խոսքերով` ՀՀ կառավարությունն իր համար որպես գերակա ճյուղ հայտարարել է գյուղատնտեսությունը, և հատկանշական է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսությունը կարող է նույնպես ընդգրկվել ֆինանսավորվող  ծրագրերի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նախատեսվում են նաև ծրագրեր արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև բանկային համակարգում` ելնելով Հայաստանի տնտեսության շահերից:
Հանդիպման շրջանակներում, այնուհետև, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ներկյայացուցիչներն առավել մանրամասն ներկայացրեցին բանկի կառուցվածքը, գործունեության ուղղությունները, ռազմավարությունը և ֆինանսական գործիքները: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անհատական հանդիպումներ կազմակերպել ՀՀ գործարար և բանկային շրջանակնների հետ` ծրագրերն առավել մանրամասն քննարկելու և համագործակցության շրջանակններն առավել խորացնելու նպատակով:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999թ.-ից` որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով: Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր` 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:
Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 և առևտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առևտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը և առևտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական և առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերը` բիզնեսի ընդլայնմանը և վերակառուցմանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Հայաստանի գծով կառավարիչն է:
Share