Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ-Ն 2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 4,1-5.7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է «2011 թվականի առաջին եռամսյակային դրամավարկային քաղաքականության ծրագիրը»: Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակում կատարված կանխատեսումները էականորեն չեն տարբերվել 2010 թվականի չորրորդ եռամսյակի կանխատեսումներից, քանի որ մակրոտնտեսական զարգացումները հիմնականում պահպանվել են կանխատեսվածին համապատասխան: Արդյունքում՝ 2011 թվականին ակնկալվում է շուրջ 4.1 – 5.7% տնտեսական աճ:
Տնտեսության ճյուղերում ակնկալվում են հետևյալ զարգացումները.

Արդյունաբերության ճյուղում 2011 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 6 – 8% աճ, որին հիմնականում կնպաստեն համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների բարձր մակարդակի պահպանման պարագայում հանքարդյունաբերության և մետաղագործության կանխատեսվող աճը, համաշխարհային և ներքին տնտեսության շարունակական վերականգնման պարագայում սննդամթերքի և խմիչքների արտադրության ծավալների սպասվող աճը, նախորդ տարվա ընթացքում ՋԷԿ-երում արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերի կատարման պարագայում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող աճը:

Շինարարության ճյուղում չնայած կանխատեսվում է աճի տեմպերի որոշակի արագացում, այնուամենայնիվ, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը դեռևս մնում է համեմատաբար փոքր` 2 – 4%` հիմնականում պայմանավորված էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով: Ընդ որում, բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների էական փոփոխություններ չեն ակնկալվում:

Ծառայությունների ճյուղում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 3.5 – 5.5%-ի շրջանակներում` հիմնականում պայմանավորված մասնավոր և պետական ծախսումների ակնկալվող աճով, որն անդրադառնալու է ինչպես առևտրաշրջանառության ծավալների, այնպես էլ մատուցված այլ ծառայությունների ծավալների վրա:

Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 7 – 9%-ի շրջանակներում, որին նպաստելու է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը: Գյուղատնտեսությունում խոշոր ներդրումների բացակայության պատճառով արտադրողականությունը գրեթե անփոփոխ է մնում, որի պարագայում, մասնավորապես՝ բուսաբուծությունում, թողարկման ծավալները կախված են առավելապես բնակլիմայական պայմաններից18: Ուստի, գյուղատնտեսության աճի կանխատեսման ժամանակ ընտրվել է ամենաքիչ ռիսկային տարբերակը:

Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ: Ընդ որում, գերակշռող են աճի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված ինչպես համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի արագացման և ներքին պահանջարկի՝ ակնկալվածից ավելի բարձր աճով, այնպես էլ տնտեսության բոլոր ճյուղերում կանխատեսված ցուցանիշների աճի ուղղությամբ ռիսկերի դրսևորմամբ: Մասնավորապես՝ աճի ուղղությամբ գերակշռող ռիսկերը արդյունաբերության ճյուղում հիմնականում կպայմանավորվեն համաշխարհային տնտեսության ավելի արագ տեմպերով վերականգնմամբ, շինարարության և ծառայությունների ճյուղերում՝ նախատեսվող ներդրումային խոշորածավալ ծրագրերի իրականացման արագությամբ: Իսկ գյուղատնտեսությունում, չնայած վերջինիս մեծ կախվածությանը բնակլիմայական պայ- մաններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմանի ռիսկերի դրսևորման, այնուամենայնիվ, գերակշռում են աճի ուղղությամբ ռիսկերը՝ կապված ցորենի ցանքատարածությունների ընդլայնման և §Գյուղական կարողությունների ստեղծման¦ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների հետ:
Share