Բաժին. Ֆինանսական

ԿԲ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 5,4% ԳՆԱՃ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ ներկայացված է 2009 թվականի երրորդ եռամսյակի մակրոտնտեսական հիմնական փաստացի ցուցանիշները և զարգացումներն, ինչպես նաև գնաճային կանխատեսումներ և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում:

ԿԲ տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակը բնորոշվել է մակրոտնտեսական տարաբնույթ զարգացումներով, որոնց պայմաններում եռամսյակի ընթացքում արձանագրվել են նաև գնաճային միջավայրի փոփոխություններ: Մասնավորապես, եռամսյակի սկզբից գրանցված տնտեսական անկման տեմպերի խորացմանը եռամսյակի ավարտին հաջորդել է տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնման միտումների ձևավորումը:

Բանկի կանխատեսումների համաձայն 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի վարքագիծը հանրապետությունում պայմանավորվելու է արտաքին և ներքին միջավայրում սպասվող հետևյալ զարգացումներով: Տնտեսական աճի տեմպերի աստիճանական վերականգնման և միջազգային գների չափավոր աճի շարունակման ազդեցությամբ առաջիկա 6 ամսվա ընթացքում սպասվում է գնաճային միջավայրի որոշակի ակտիվացում, որի պայմաններում գնաճը կմոտենա, իսկ 2010 թ. առաջին եռամսյակում նույնիսկ կգերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանագիծը: Այնուհանդերձ, արդեն երկրորդ եռամսյակից, երբ 12-ամսյա գնաճի ցուցանիշը չի ներառի ընթացիկ տարվա մարտի սկզբից փոխարժեքի կտրուկ արժեզրկման և ապրիլից կոմունալ վճարների թանկացման ազդեցությունը, գնաճը կրկին կլինի տատանման թույլատրելի միջակայքում: Այսպես, դրամավարկային պայմանների պահպանման վարկածի պարագայում, 2009 թ. տարեվերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 5.4%-ի, իսկ 2010 թ. երրորդ եռամսյակում` 4.3%-ի շրջակայքում: Ընդ որում, կանխատեսվող ժամանակահատվածում կարող են ի հայտ գալ ինչպես գնաճի նվազման, այնպես էլ ավելացման ուղղությամբ ռիսկեր` կախված ներքին տնտեսության վերականգնման տեմպերից, ինչպես նաև պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների հնարավոր ավելի ցածր մակարդակի արձանագրման պայմաններում ձևավորված ներքին գների ավելի ցածր մակարդակից:

 

Share