Ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով 1516 ՀՀ քաղաքացիներին տրամադրված շուրջ 935 մլն դրամ ընդհանուր գումարով արտոնյալ վարկերից 21 մլն 841 հազար դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Վարկը ամբողջովին կամ մասնակի մարել է 112 քաղաքացի: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Վարկերի մարման ժամանակացույցն ազատ է:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջետային վարկեր են տրամադրվել Երևան քաղաքի 150 բնակիչների: Վարկեր են տրամադրվել նաև Լոռիում` 606 քաղաքացիների, Տավուշի մարզում` 375 և Շիրակում` 304 վարկ: Համապատասխանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին: