Բաժին. Ֆինանսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ 29 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2011թ.-ի հունվար-օգոստոս ամիսների իր գործունեության արդյունքները:  Ինչպես այսօր` օգոստոսի 5-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում տեղեկացրեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` 2011թ.-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հաշտարարի գրասենյակը  ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 525 բողոք:   «Պետք է փաստել,  որ նախորդ տարիների համեմատ այս տարի ստացվող զանգերի և այցելությունների գերակշիռ մասը վերաբերել են ֆինանսական կազմակերպություններին, ինչը պայմանավորված է Գրասենյակի կողմից իրականացված ակտիվ լուսաբանման արշավով: Գրանցվել է նաև ընդհանուր բողոքների էական աճե, – ընդգծեց Փիրուզ Սարգսյանը:

Ըստ Ֆինանսական համակարգի հաշտարարի հրապարակած տվյալների` ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով, ընդհանուր առմամբ, քննության են ընդունվել 80  պահանջ,  որոնցից 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, և Հաշտարարի միջնորդությամբ քաղաքացիները ստացել են 29 մլն. ՀՀ դրամի հատուցում: Ընդհանուր առմամբ, հաշտարարի կողմից քննած պահանջները հիմնականում վերաբերել են` վարկային գործարքներին (18 բողոք), ավանդային գործարքներին (4 բողոք), բանկային հաշիվին և պլաստիկ քարտին (18 բողոք), դրամական փոխանցումներին (6 բողոք), ԱՊՊԱ-ին (15 բողոք),  ապահովագրական ծառայություններին (19 բողոք):

Հատկանշական է, որ այս  տարի ավելացել են ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջները` պայմանավորված ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: Այս բողոքները հիմնականում վերաբերել են տուժած անձանց հատուցում չվճարելու, գնահատված գույքի վնասի արժեքի հետ տուժողի անհամաձայնության, տուժողի անձնական վնասների դեպքում բուժման ծախսերի համար մասնակիորեն չվճարվող ծախսերի,  ԱՊՊԱ պայմանագրի չկնքման վերաբերյալ:

Share