Բաժին. Ֆինանսական

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հայտարարում է Սպառողների ֆինանսական կրթության ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես այսօր` սեպտեմբերի 5-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում տեղեկացրեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` ծրագիրը պաշտոնապես մեկնարկում է վաղվանից` սեպտեմբերի 6-ին, և նպատակ ունի բարձրացնել հասարակության ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա ունենալ կիրթ սպառողներ ֆինանսական ոլորտում և որպես հետևանք` խթանել ֆինանսական միջնորդությանը ՀՀ-ում:

Ծրագրով առանձնացվել են 5 թիրախային խմբեր, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվել են հատուկ միջոցառումներ: Թիրախային խմբերն են` ավագ դպրոցի աշակերտներ, երիտասարդություն/ուսանողություն, ֆինանսական ծառայություններից օգտվող անձինք, տարեցներ, ԱՊՊԱ համակարգի մասնակիցներ:

Փիրուզ Սարգսյանի խոսքերով` 2011թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին Գրասենյակն իրականացրել է ծրագրի նախապատրաստական աշխատանքները (տեղեկատվական հոլովակների սցենարի պատրաստում,  նկարահանում,  ֆինանսական ծառայությունների մասին բուկլետների մշակում և տպագրություն,  դպրոցականների համար նախատեսված ֆիլմի նկարահանում, գրասենյակի տարբերանշանով պարագաների պատվիրում, այդ թվում`  օգտակար խորհուրդներով բլոկնոտներ և այլն):Զուգահեռ իրականացվել են նաև սեմինարներ ֆինանսական կազմակերպություններում,  խոշոր գործատուների աշխատակիցների համար, ներգրավվել են պրակտիկանտներ ԲՈւՀ-երից:  

Share