Բաժին. Ֆինանսական

HSBC ԲԱՆԿ-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկը Հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ) ուսանողներին և շրջանավարտներին ընձեռում է համաշխարհային աշխատաշուկային համահունչ տաղանդների զարգացման հնարավորություններ:

Չորս տարի շարունակ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր: Մինչ օրս, 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերում:

Հայաստանում բանկի նախաձեռնությունները ներառում են նաև տեղական համալսարանների հետ կապերի զարգացումը: Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պարբերաբար մասնակցում է ԲԿՀ կարիերայի կենտրոնների հետ խորհրդակցությունների` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում երիտասարդ տաղանդների և աշխատաշուկայի զարգացմանը: Վերջերս Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավարը ներկայացրել է Էյչ-Էս-Բի-Սի-ի մոտեցումները «Ուսանողների և շրջանավարտների կարիերայի խնդիրները արդի աշխատաշուկայի համատեքստում» թեմայի շուրջ, Երևանի Պետական Համալսարանում` ԲԿՀ կարիերայի կենտրոնների, կրթության, կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական սեմինար-քննարկմանը:

«Մեր աշխատակիցները մեր բիզնես հաջողության գրավականն են և մենք մշտապես զգալի ներդրումներ ենք կատարում նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի աճի ուղղությամբ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում, այնպես էլ ամբողջ Խմբում: 2009 թվականից մինչ օրս, ավելի քան 50 մլն. ՀՀ դրամ ենք ներդրել աշխատակիցների շուրջ 80%-ի վերապատրաստման և զարգացման ծրագրերում: Նշեմ նաև, որ իմ գործընկերներից վեցը ներկայումս ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ այլ բանկերում, որոնք վերադառնալով` Հայաստանյան շուկա կբերեն իրենց միջազգային փորձը և մոտեցումները: Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք խրախուսում ենք ոչ միայն փորձառության այլ նաև մարդկային ռեսուրսների բազմազանությունը. ներկայումս ունենք աշխատակիցներ Հայաստանի 8 մարզերից և 3 այլ երկրներից», ասում է Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավար Էլվինա Աղաջանյանը:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 88 երկրներում և տարածաշրջաններում գործող 8,000 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ – կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ:

Share