Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2010 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1417,8 մլրդ դրամ`  նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 6,7%-ով: ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ՀՀ ԿԲ նկատմամբ բանկերի պահանջները (ներառյալ նաև թղթակցային հաշիվները) կազմել են 136,6 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազելով 0,9%-ով, իսկ թղթակցային հաշիվները այլ բանկերում աճել են 15,3%-ով (72,0 մլրդ դրամ): Այս նույն ժամանակահատվածում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի պահանջների համախառն ծավալը նվազել  է 1,0%-ով (80,2 մլրդ դրամ):

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատությամբ հայաստանյան բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամանդրված վարկերի համախառն ծավալն աճել է 8,7%-ով և կազմել 470,0 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 1,3%-ով և կազմել 302,0 մլրդ դրամ:

Հատկանշական  է, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում զգալի աճել են բանկերի կողմից բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերը: Այսպես, ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախորդ եռամսյակի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 34,6%-ով և կազմել 38,2 մլրդ դրամ: Նշենք նաև, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին 1,2%-ով աճել են բանկերի` ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստները:

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` 400 մասնաճյուղերով:

Share