ԱՐՄԱՆԻՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՖԱԲՐԻԿԱ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին Լոռու մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Նեւա-Ռուս» ընկերության «Արմանիս» լեռնահարստացման համալիր, որտեղ, մասնավորապես, այցելել է «Սագամար» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկա եւ հանքի հարեւանությամբ գտվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Այնուհետև, ընկերության վարչական մասնաշենքում Նախագահ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների`«Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «Նևա-Ռուս» ընկերության աշխատանքն ու հետագածրագրերը: Նշենք, որ այս ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: 

Ինչպես հանդիպման շրջանակներում տեղեկացրել է «Նեւա-Ռուս» ընկերության ներդրումների գծով տնօրեն, հայաստանյան ծրագրերի ղեկավար Կարեն Ղազարյանը, «Սագամար»-ը շահագործման կհաձնվի 2011 թվականի մայիսից: Ընկերության շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է դեռեւս 2008 թվականին, և ֆաբրիկայի կառուցման համար ներդրվել է շուրջ  63 մլն դոլար։ Բազմամետաղ ֆաբրիկայի հզորությունը կկազմի 800 հազար տոննա հանքաքար:

«Սագամար»-ը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ կիրառելու է չոր պոչերի տեխնոլոգիան` օգտագործված ջուրը հետ է մղվելու հարստացուցիչ ֆաբրիկա` կրկին օգտագործման նպատակով, իսկ արտադրական ու կենցաղական արտանետումները զտվելու են գերմանական և կանադական արտադրության հատուկ մաքրման կայանների միջոցով: Սա նշանակում է, որ  թունավոր փոչամբարներ չեն գոյանալու։

Կարեն Ղազարյանի խոսքերով` արդյունահանվելու են երեք տեսակի կոնցենտրատներ` պղնձի, ցինկի եւ կապարի, և ամբողջ արտադրանքն արտահանվելու է ՀՀ-ից` հիմնականում Բուլղարիա, Սերբիա եւ Չինաստան: Նշենք նաև, որ ֆաբրիկայի գարծարկմամբ կլուծվի շուրջ 500 աշխատատեղի խնդիր:

Share