ԱՐՄԵՆԱԼ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԼ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումին և կավահող արտադրող խոշորագույն ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ, առաջինը Հայաստանում գործնականում կիրառել է «Կայձեն» հայեցակարգի վրա հիմնված արտադրական համակարգը և արդեն ստացել լուրջ տնտեսական արդյունք: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ ընկերության մամուլի ծառայությունից:

Այսպես, ԱՐՄԵՆԱԼ ընկերության տեխնոլոգ Տիգրան Առուստամյանը և վարպետ Նարեկ Ղազարյանը, ելնելով քսասառեցնող հեղուկի (ՔՍՀ) օգտագործման փաստական ծավալից «Կվարտո-1800» գլանման  հաստոնի վրա, առաջարկել են անջատել ՔՍՀ-ի մաքրման երկու զտիչներից մեկը և պահուստավորել այն: Դա կրճատել է էլեկտրաէներգիայի, ինչպես նաև զտող և սպիտակեցնող նյութերի ծախսը` գլանվածքի որակի և այլ չափորոշիչների պահպանման պարագայում: Ծրագրի իրականացումից ստացվող տարեկան տնտեսումը կազմում է ավելի քան 30 հազար դոլար:  

ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի զարգացումը, որ հիմնված է «Կայձեն» հայեցակարգի մեթոդոլոգիայի և գործիքների վրա, ԱՐՄԵՆԱԼ-ում սկսվել է մի քանի ամիս առաջ: Հունիսի 1-ի դրությամբ գործարանում ներդրվել է շուրջ 90 կայձեն-առաջարկություն: 

«Կայձենը արդիականացում չէ, այլ մշտական բարելավում` առանց քիչ թե շատ էական ֆինանսական ներդրումների` բացարձակապես ի հաշիվ ներքին պահուստների: Այս գործընթացը պետք է կատարվի անընդմեջ», – պարզաբանել է ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը: 

Կայձենների թվում, որոնք գտել են գործնական կիրառում, Ա.Զաքարյանը հիշատակել է  ձուլավառարանի ելուստի կառուցվածքի փոփոխությունը: Վառարանից դեպի շերեփ հալված ալյումինի լցման ժամանակ քառակուսի կտրվածքի նախորդ ծորակը ստեղծում էր մետաղի սառեցման վտանգ: Ծորակի նոր կառուցվածքը, որ առաջարկել է ձուլող Վանիկ Գրիգորյանը, բացառում է մետաղի կորստի հնարավորությունը:

«Կայձեն» հայեցակարգը մշակված է Ճապոնիայի մեքենաշինական ձեռնարկություններում. այն հաջողությամբ զարգացվում է աշխարհի խոշորագույն ընկերություններում: Ռուսաստանում դրա ներդրման նախաձեռնողը դարձել է ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը:

Share