ԱՐՄԵՆԱԼ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 100 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՐՏԱԴՐԱՆՔ

ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը`  (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կոդը 486, առևտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը, տեղեկացնում է 100 հազար տոննա արտադրանքի թողարկաման վերաբերյալ Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանում: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ից` ընկերության  տարեկան արտադրանքի  ծավալը  2000 թ. գործարկման սկզբից ավելացել է առավել քան 20 անգամ: Արտադրանքի հիմնական մասը` գրեթե 65%-ը,  արտադրված է գործարանի լայնածավալ համալիր վերազինումից հետո, որն ավարտվել է 2006 թ. վերջին:

ՌՈՒՍԱԼ-ի ներդրումները վերազինման ծրագրում, որ գերազանցում են 100 մլն դոլարը, թույլ տվեցին պատշաճ ժամկետում ԱՐՄԵՆԱԼ-ը հասցնել արտադրության ծավալների նոր մակարդակի, յուրացնել գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը, գործարկել լրացուցիչ սարքավորումներ: Արտադրության ծավալների աճը ԱՐՄԵՆԱԼ-ում ուղեկցվում է տեխնիկա-տնտեսական ցուցանիշների աճով: Գրեթե 2 անգամ իջել է մետաղամշակման ինքնարժեքը` մեկ մարդուն բաժին ընկնող արտադրանքի կրկնակի ավելացման պարագայում: Պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը կայունացել է 70%-ի մակարդակում: Նվազագույնի են հասցված արտաքին խոտանը և սպառողների կողմից ներկայացվող դիտողությունները, իսկ ներքին խոտանը կրճատվել է` ընդհուպ մինչև 3%-ը:

Էապես ընդլայնվել է ԱՐՄԵՆԱԼ-ի իրացման աշխարհագրությունը: ԱՐՄԵՆԱԼ-ը Հայաստանի գլխավոր արտահանողներից մեկն է և առաջատար դիրք է զբաղեցնում արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների ցուցանիշի գծով: Արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին: Ընդ սմին իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան և Մերձավոր Արևելքը: 

Փաթեթավորման բիզնեսի գծով ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բուրդինը նշեց. «ԱՐՄԵՆԱԼ-ը Ռուսաստանի և ԱՊՀ փայլաթիթեղագլանման առաջատար ձեռնարկություններից մեկն է: Գործարանի արտադրանքը մրցունակ է և պահանջարկված է Եվրոպայի, Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրների սպառողների կողմից: Այսօր ԱՐՄԵՆԱԼ-ի առջև կանգնած խնդիրներն են` արտադրության արդյունավետության հետագա բարձրացումը, արտադրանքի որակի կատարելագործումը, ֆինանսատնտեսական ցուցանիշների աճը; Դրանց լուծումը թույլ կտա հաջորդ 100 հազար տոննան արտադրել 4 տարուց էլ նվազ  ժամկետում»:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, ՙՈւրալսկայա ֆոլգա՚, ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

ՌՈՒՍԱԼ (www.rusal.ru)` ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատար, արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 10%-ը և կավահողի 10%-ը: Ընկերությունում աշխատում է շուրջ 76 000 մարդ: ՌՈՒՍԱԼը ներկայացված է աշխարհի 19 երկրներում  5 մայրցամաքների վրա:

Share