«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 16% ԱՃ

Ալյումինի արտադրությամբ աշխարհի խոշորագույն ՌՈՒՍԱԼ միավորված ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում ընկերությունն ապահովել է 1,420 մլրդ դոլարի զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ՌՈՒՍԱԼ-ն աշխատել էր վնասով: 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 826 մլն դոլար:

Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՌՈՒՍԱԼընկերության հասույթն աճել է 36,6% -ով և կազմել 8 029  մլն դոլար: Հատկանշական է, որ հասույթի աճն առավելապես պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում ալյումինի գնի բարձրացմամբ: Նշենք նաև, որ այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ընկերությունն ապահովել է ալյումինի արտադրության ծավալների 3% աճ, գլինոզենի արտադրության ծավալների 7% աճ և փայլաթիթեղի արտադրության ծավալների 22% աճ: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՌՈՒՍԱԼ ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ԱՐՄԵՆԱԼ ընկերությունից` հաշվետու այս ինն ամիսների արդյունքներով միայն ԱՐՄԵՆԱԼ-ը տարեկան կտրվածքով ապահովել է փայլաթիթեղի արտադրության ծավալների 16% աճ:  Հաշվետու ժամանակահատվածում ԱՐՄԵՆԱԼ գործարանում արտադրվել է 18,0 հազար տոննա փայլաթիթեղ:  Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ԱՐՄԵՆԱԼ-ն արտահանել է 18 285  տոննա արտադրանք` գրանցելով արտահանման ծավալների 5,4% աճ:

Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Ընդգրկվել է ՌՈՒՍԱԼ-ի կազմում 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: 

Share