ԱՐՄԵՆԱԼ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱԼՅՈՒՄԻՆԵ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ՀԱՏՄԱՆ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՄԱՆ ԳԵՐԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵՔԵՆԱ

Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերության կազմի մեջ, սեփական ուժերով վերականգնեց և արդյունաբերական շահագործման հանձնեց փայլաթիթեղի հատման և շերտազատման գերարդյունավետ մեքենան:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ ընկերությունից` ամերիկյան արտադրության մեքենան, որն ունակ է միաժամանակ կատարել երկու գործողություն, ԱՐՄԵՆԱԼ-ում տեղադրվել է համալիր արդիականացման ընթացքում, սակայն արտադրողները չկարողացան գործարկել այն, իսկ հնարավոր կապալառուները մեքենայի գործարկման համար պահանջեցին մինչև 1 մլն դոլար գումար:

Աննախադեպ խնդիրը լուծեցին իրենք` ԱՐՄԵՆԱԼի աշխատողները: Ձեռնարկությունում առկա պահուստային մասերից նրանք վերականգնեցին մեխանիկական և էլեկտրական մասերը, մշակեցին կառավարման համակարգի նախագիծը և ծրագրային ապահովումը: Ընդ սմին, ընդհանուր ծախսերը կազմեցին ընդամենը 80 հազար դոլար:

Վերականգնված մեքենան փոխարինում է տարբեր արտադրամասերում առանձին գործառող փայլաթիթեղի հատման և շերտազատման մեքենաները: Գրեթե 3 անգամ` 350-ից մինչև 1000 մետր րոպեում, ավելացել է հատման արագությունը, կրճատվել է էլեկտրաէներգիայի բացարձակ և տեսակարար ծախսը: Նորացված մեքենայի ևս մեկ կարևոր առավելությունը տեխնոլոգիական թափոնների նվազումն է, քանզի վերացել է գլանների ծայրերի կրկնակի հատման անհրաժեշտությունը` յուրաքանչյուր կողմից 10-20մմ, ինչը բարձրացրել է պիտանի արտադրանքի թողունակության գործակիցը մինչև 0,5%:

«Մեքենայի վրա տեղադրված շերտազարման-հատման կառավարման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս հաշվարկել յուրաքանչյուր գլանի փայլաթիթեղի մետրաժը, ինչը հաճախ պահանջում են պատվիրատուները, և կարգավորում է փաթաթման խտությունը` որակի կարևոր ցուցիչը, որն ապահովում է լավ քանդումը և սառեցնող հեղուկ քսանյութի մնացորդների լիովին հեռացումը թրծման ժամանակ», – ասաց ԱՐՄԵՆԱԼի տեխնիկական տնօրեն Ալեքսանդր ՈՒստյուժանինը:

Մեքենայի արտադրողականությունը հասնում է օրական 28-30 տոննա փայլաթիթեղի, որը  2 անգամ բարձր է հատման սովորական մեքենաների համանման ցուցանիշներից և կազմում է գործարանի արտադրանքի օրական նորմայի 30-35%: Արտադրության գծով գործարանի տնօրինության հաշվարկով 3 նման մեքենաները կարող են լիովին լուծել գլանների հատման հարցը: Ներկայումս այս խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում հաստոցների վերակառուցման ուղղությամբ, որպեսզի առկա մեքենաների հիմքի վրա ստեղծվեն փայլաթիթեղի շերտազատման-հատման գերարդյունավետ մեքենաներ:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է 2000թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում է 700 մարդ:
Share