2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ «ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 25,9% ԱՃ

Ալյումինի արտադրությամբ աշխարհի խոշորագույն ՌՈՒՍԱԼ միավորված ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերությունն ապահովել է 1,268 մլրդ դոլարի զուտ շահույթ: Այս նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ՌՈՒՍԱԼ ընկերության հասույթն աճել է 41,6%-ով և կազմել 5,321 մլրդ դոլար: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկայում ալյումինի գնի բարձրացմամբ: Նշենք նաև, որ հունվար-հուլիս ամիսների արդյունքներով ՌՈՒՍԱԼ-ը գրանցել է ալյումինի և գլինոզենի արտադրության ծավալների շուրջ 1% աճ և փայլաթիթեղի արտադրության ծավալների 32% աճ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՌՈՒՍԱԼ ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ԱՐՄԵՆԱԼ ընկերությունից` հաշվետու այս կիսամյակում միայն ԱՐՄԵՆԱԼ-ը տարեկան կտրվածքով ապահովել է փայլաթիթեղի արտադրության ծավալների 25,9% աճ: Հաշվետու ժամանակահատվածում ԱՐՄԵՆԱԼ գործարանում արտադրվել է 12,1 հազար տոննա փայլաթիթեղ: Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ԱՐՄԵՆԱԼ-ն արտահանել է 12 113 տոննա փայլաթիթեղ` գրանցելով արտահանման ծավալների 21,2% աճ:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Ընդգրկվել է ՌՈՒՍԱԼ-ի կազմում 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:
Share