LMA – 2011Թ.-ԻՆ ԱՐՄԵՆԱԼ-Ը ՆՊԱՏԱԿԱԴՐՎԱԾ Է ՀԱՍՆԵԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ 2,2-2,3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

ԱՄՆ-ում հրատարկվող միջազգային Light Metal Age (“Թեթև մետաղի դարը”) հանդեսում ԱՐՄԵՆԱԼ-ի մասին նոր հոդված է տպագրել: Light Metal Age–ը ալյումինին նվիրված ամենահեղինակավոր մասնագիտացված հանդեսներից է: Նրա խմբագրակազմը մշտական հետաքրքրություն է ցուցաբերում ԱՐՄԵՆԱԼ-ի հանդեպ և անցյալ ութ տարիների ընթացքում երիցս անդրադարձել է  ալյումին և կավահող արտադրող աշխարհում խոշորագույն UC RUSAL-ի կազմի մեջ մտնող հայկական ձեռնարկության զարգացմանը:

LMA-ի հերթական հրապարակումը վերլուծում է ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքների արդյունքները 2010 թվականին: Հանդեսն ընդգծում է հիմնական տեխնիկա-տնտեսկան ցուցանիշների աճը, արտադրանքի որակի բարելավումը և իր տասնամյա հոբելյանը նշած գործարանի արդյունավետության ընդհանուր բարձրացումը:

«2011թ. ԱՐՄԵՆԱԼ-ը նպատակադրված է հասնել արտադրանքի թողունակության ամսական 2,2-2,3 հազար տոննա մակարդակին: Ներդրումների ծավալը 2011թ. կարող է կազմել $3-4 մլն: Միջոցները կուղղվեն առկա սարքավորումների աջակցմանը, թրծման հզորությունների հավելյալ գործարկմանը, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումների ձեռքբերմանը»,- փաստում է ամսագիրը` հղում կատարելով գործարանի ղեկավարությանը:

LMA-ն հատուկ տեղ է հատկացրել գործարանի կողմից 100 հազար տոննա  արտադրանքի թողարկմանը, որի երկու-երրորդն արտադրվել է ՌՈՒՍԱԼ-ի ներդրած ավելի քան 70 մլն դոլար ներդրումների հաշվին իրականացված լայնամասշտաբ արդիականացումից հետո: Հանդեսի պնդմամբ, այսօր ԱՐՄԵՆԱԼ-ի առջև կանգնած խնդիրների լուծումը թույլ կտա ձեռնարկությանը հաջորդ 100 հազար տոննա փայլաթիթեղ արտադրել արդեն ոչ թե 10, այլ  ընդամենը 4 տարվա ընթացքում:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգաե, «Սայանսկայա ֆոլգաե ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ` ամսական 247 հազար դրամ միջին աշխատավարձով:

Share