FOREX CLUB – ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՈՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՃՈՒՄ Է

Անցյալ շաբաթ աշխարհում ոսկու գինն աճել է 1,6%-ով և հասել մեկ տրոյական ունցիայի դիմաց 1318,8 դոլարի: Forex club-ի վերլուծական տեսության համաձայն` ոսկու նկատմամբ բանկերի և ներդրողների պահանջարկի աճն առավելապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսական շուկայի շարունակական անկայունությամբ, ամերիկյան տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմամբ, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսական շուկայում նոր խթանող միջոցառումների ներդրման սպասումներով: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ ոսկու մեջ և ոսկու ֆոնդերում ներդրումներ կատարող ներդրողների մասնաբաժինն աճել է և 25,3%-ից հասել 51%-ի:
Նշենք նաև, որ վերջին ամիսներին աճել է ոչ միայն ներդրողների պահանջարկը ոսկու նկատմամբ, այլև աճ է նկատվում արդյունաբերության ոլորտում: Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ոսկու պահանջարկը արդյունաբերական ընկերությունների մոտ աճել է շուրջ 16,6%-ով և կազմել 1117 տոննա:
Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` 2011 թվականի համար ոսկու գնի կանխատեսումները պայմանավորված են մի քանի հանգամանքներով: Նախ, ԱՄՆ ֆինանսական շուկայի խթանման նպատակով ակնկալվող միջոցառումներն, ըստ ենթադրության, ուղղված են լինելու լրացուցիչ իրացվելիության ճնշմանը, ինչը կհանգեցնի փողի զանգվածի աճի` առավել բարձր տեմպերով: Այս նոր փողերի մի մասը անպայման կուղորդվի ԱՄՆ ֆինանսական շուկա, որտեղ և հիմնականում որոշվում է ոսկու միջազգային գինը: Այս պայմաններում, սպեկուլյանտներն, անկասկած, կփորձեն օգտվել առիթից` նպաստելով ոսկու գնի բարձրացմանը:
2011 թվականին ոսկու գնի բարձրացմանը կողմ ևս մեկ փաստարկ: 2009 թվականին ամերիկյան տնտեսություն է ներարկվել զգալի ծավալների հասնող դրամական միջոցներ, որի արդյունքում ոսկու գինը երկար ժամանակ դրսևորել է աճի միտում:
2011 թվականի համար ներկայումս կանխատեսվում է ոսկու համաշխարհային գնի աճ`14%-ով: 2011 թվականի տարեվերջին, ըստ ներկայացված կանխատեսումների, ոսկու գինը կկազմի 1510 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Հաշվի առնելով այն փաստը, որ 2010 թվականի տարեվերջին Հայաստանում ոսկու մեկ գրամի միջին գինը կաճի 1,1%-ով և կկազմի 17393 դրամ, կանխատեսվում է, որ 2011 թվականի վերջի դրությամբ ոսկու գինը մեր հանրապետությունը կգրանցի տարեկան կտրվածքով 14% աճ և կկազմի 19674 դրամ:      

 

Share