FOREX CLUB – ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՊՂՆՁԻ ԳՆԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Շաբաթվա սկզբին հրապարակվեց պղիձի համաշխարհային արտադրության և սպառման վերաբերյալ հաշվետվություն: Ներկայացված տվյալների համաձայն` 2011 թվականի փետրվար ամսվա արդյունքներով համաշխարհային շուկայում պղնձի սպառման ծավալները նվազել են 11.25%-ով և կազմել 1452 հազար տոննա: Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում պղնձի արտադրության ծավալները կրճատվել են 9.92%-ով և կազմել 1435 հազար տոննա: Այսպիսով, փետրվարին պղնձի պակասուրդը կազմել է 17 հազար տոննա: Ցուցանիշն այս մեկ ամսվա արդյունքներով գրանցել է 60.5% անկում:

Ինչ վերաբերում է պղինձի համաշխարհային գնի դինամիկային, ապա այստեղ հարկ է նշել, որ «կարմիր» մետաղի գնի ձևավորվան վրա լրացուցիչ ճնշում է նկատվում` պայմանավորված Չինաստանում  պղնձի պահանջարկի «անորոշությամբ» և ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի սպասվող անկմամբ: Այսպես, 2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Չինաստանում գրանցվել է արդյունաբերական արտադրության ծավալների աճի տեմպերի անկում, որն ուղեկցվել է մանրածախ առևտրի ծավալների կրճատմամբ: Այս պայմաններում, Չինաստանը, որպես պղինձ ներմուծող և սպառող խոշորագույն երկիր, իր տնտեսության «պասիվացմամբ» պղնձի համաշխարհային շուկայի մասնակիցների մոտ ձևավորում է փոքր-ինչ վատատեսական սպասումներ: Նշենք, որ այս տեսանկյունից պղնձի շուկայի մասնակիցների տրամադրությունը կախված է նաև ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշներով, ընդ որում ներկայումս ձևավորված` ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի անկման սպասումները նույնպես բացասաբար են անդրադառնում պղնձի համաշխարհային շուկայի վրա:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` կարճաժամկետ հատվածում պղնձի գինը կտատանվի մեկ ֆունտի դիմաց 3.70-4.30 դոլարի սահմաններում, ընդ որում սպասվում է պղնձի գնի «ձգտում» դեպի գնային ստորին սահման: Միքայել Վերդյանի կարծիքով` համաշխարհային ֆինանսական շուկաներում ընդհանուր տրամադրությամբ բարձրացման արդյունքում, որը կարող է տեղի ունենալ արդեն ամռան վերջին և աշնան սկզբին, պղնձի գինը կցուցաբերի աճ` հասնելով մեկ ֆունտի դիմաց 4.60-5.00  դոլար մակարդակին:

Share