2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՈՍԿՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 11%-ՈՎ

2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով համաշխարհային շուկայում ոսկու պահանջարկն աճել է 11%-ով և կազմել 981.3 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 881 տոննայի դիմաց: Ոսկու Միջազգային Կոնգրեսի (World Gold Council, WGC) հրապարակած տվյալների համաձայն`  դրամային արտահայտությամբ ոսկու պահանջարկի ցուցանիշը կազմել է 43.7 մլրդ դոլար` նախորդ տարվա 31.4 մլրդ դոլարի դիմաց (աճը կազմել է շուրջ 40%): Վերլուծաբանների գնահատմամբ` հաշվետու ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ոսկու պահանջարկի աճը պայմանավորված է նախ և առաջ ոսկյա մետաղադրամների և ոսկյա զարդերի շուկաների ակտիվացմամբ: Նշենք նաև, որ ոսկու եռմասյակային միջինը գինը սահմանվել է ռեկորդային մակարդակում` 1386,27  դոլար մեկ ունցիայի դիմաց:
WGC-ի տվյալների համաձայն` ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկը հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով աճել է 26%-ով և կազմել 310.5 տոննա (դրամային արտահայտությամբ` 13.8 մլրդ դոլար): Միևնույն ժամանակ, ոսկու նկատմամբ արդյունաբերական պահանջարկն աճել է 7%-ով և կազմել 556.9 տոննա (24.8 մլրդ դոլար), ընդ որում այս տեսանկյունից առավել մեծ ակտիվություն ցուցաբերել են Հնդկաստանի և Չինաստանի  «ոսկերչական» շուկաները:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` ամբողջ 2011 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու պահանջարկը շարունակելու է աճել, ընդ որում առավել մեծ ակտիվություն գրանցվելու է ներդրումային պահանջարկի տեսանկյունից:
Share