ԻՐԱՆԸ ՎՍՏԱՀ Է` ՆԱՎԹԸ ՊԵՏՔ Է ԹԱՆԿԱՆԱ ԱՌՆՎԱԶՆ ՄԻՆՉԵՎ 100 ԴՈԼԱՐ

Միջազգային շուկաները մոտ են էներգետիկ ռեսուսների ճգնաժամին, և այս պայմաններում նավթը դեռ մնում է թերագնահատված. այն պետք է թանկանա առնվազն մինչև 100 դոլար: Նման կարծիք է հայտնել Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպությունում (OPEC) Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Քաթաբին:

Վերջինիս գնահատմամբ` վերջին տարիներին OPEC-ին չանդամակցող որոշ երկրներ մշտապես ստեղծում են նավթի ավելցուկ շուկայում, սակայն ապագայում դա կդառնա անհնար` արդյունահանման ծավալների կրճատման պատճառով: 

Խոսելով նավթի գնանշումների բարձրացման մասին` Իրանի ներկայացուցիչը նշել է, որ նավթի գնի թանկացումը դեռևս չի արտացոլում դոլարի իրական արժեզրկումը:
Այսօր բորսաներում նավթը թանկացել է շուրջ մեկ դոլարով: Պետք է նաև նշել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում նավթի գինը արդեն հինգ անգամ թարմացրել է վերջին երկու տարվա իր գնային ռեկորդը:
Share