ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐ NEWMONT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 140 ԱՆԳԱՄ

Ոսկու արդյունահանմամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` Newmont Mining Corp.-ն, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 140 անգամ` կազմելով 558 մլն դոլար: Նշենք, որ 2008 թվականի վերջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 4 մլն դոլար:

Հաշվետու 3 ամիսների ընթացքում Newmont ընկերության հասույթն աճել է 90%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար: 2008 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը ստացել էր 2,06 մլրդ դոլարի հասույթ:

Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 1,5 մլն ունցիա ոսկի, որը շուրջ 200 հազար ունցիայով գերազանցում է 2008 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքը:

Նշենք, որ Newmont ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկայում ոսկու գների բարձրացմամբ:

Share