ՀՀ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐԱՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ

2010 թվականին, չնայած գործարար միջավայրում տնտեսական տրամադրության որոշակի անկմանը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակել է գրավիչ մնալ օտարերկրյա ներդրողների համար: Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտ գումարներ են հոսել Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից և անգամ Կիպրոսից ու Լիխտեյնշտեյնից: Մասնավորպես, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կանադացի ներդրողներին մեր հանրապետությունում գրավել է մետաղական հանքաքարերի արդյունահանումը: Վերջիններս այս ոլորտ են ուղղել 25840.0 հազար ԱՄՆ դոլար: Հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերում զգալի ներդրումներ են կատարել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Կիպրոսի «գրանցում» ունեցող ներդրողները: Վերջիններիս կողմից կատարված ներդրումների համախառն ծավալը կազմել է 32858.7 հազար ԱՄՆ դոլար:
2010 թվականի արդյունքներով հիմնային մետաղների արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 10330.9 հազար ԱՄՆ դոլար: Այս ոլորտի համար որպես դոնոր-երկրներ առանձնացել են ՌԴ և Լիխտեյնշտեյնը: Միևնույն ժամանակ, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտում ներդրումներ են կատարել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ): Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3423.0 հազար ԱՄՆ դոլար:
Share