«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 5%-Ը ԿՎՃԱՐՎԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ

2011 թվականի մայիսի 25-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողովը: ԶՊՄԿ-ի բաժնետերերն են «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ-ում «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ ներկայացուցչությունից` գերմանական կողմից ժողովին մասնակցել են Քրոնիմետ ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, Քրոնիմետ Մայնինգ ԲԸ գործադիր տնօրեն Թոմաս Հայլը, ընկերության այլ ներկայացուցիչներ:

Քրոնիմետ Մայնինգ ԲԸ-ի զարգացման հիմնական ուղղություններից է ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնումը: Մասնավորեցումից ի վեր առանձին ծրագրերի շրջանակներում կոմբինատում իրականացվել է ավելի քան 350 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ապահովվել է արտադրական հզորությունների շուրջ 75 տոկոս աճ: Ներկայումս կոմբինատում  հանքաքարի վերամշակման հզորությունը տարեկան կազմում է 14 մլն տոննա: 2011թ. սեպտեմբերին նախատեսվում է գործարկել նաև տարածաշրջանում հանքաքարի մանրեցման ամենամեծ աղացների կոմպլեքսը: Բաժնետերերի կողմից որոշում է կայացվել սկսել ԶՊՄԿ-ի ընդլայնման և վերազինման հաջորդ փուլը, որի իրականացման արդյունքում նախատեսվում է վերամշակման ծավալը հասնել տարեկան մինչև 20 միլիոն տոննա:

Բաժնետերերը,  հետևելով սոցիալան շուկայական տնտեսության սկզբունքներին և կարևորելով կոմբինատի աշխատակիցների մեծ դերը և նշանակությունը միջազգային մակարդակի լեռնագործական ընկերություն ձևավորելու գործում, հաշվի առնելով յուրաքանչյուրի աշխատանքային ներդրումը և ջանքերը ուղղված արտադրական հզորությունների ընդլայնման, տեկնիկական վերազինման և անխափան աշխատանքի հարցում, միաձայն որոշել են այսյուհետև, յուրաքանչյուր տարի, տնտեսական տարվա արդյունքները ամփոփելուց հետո, ԶՊՄԿ-ի զուտ շահույթի 5%-ը վճարել կոմբինատի աշխատակիցներին որպես պարգևավճար: Հաշվի կառնվեն աշխատանքային ստաժը, զբաղեցրած պաշտոնը և կատարած աշխատանքի առանձնահատկությունները: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատակից կունենա նաև իր համապատասխան բաժնեմասը կոմբինատի շահույթից:

Որպես գերմանական ընկերություն Քրոնիմետ-ը պարտավորվում է հետևել սոցիալան շուկայական տնտեսության սկզբունքներին, ուստի իր համար իր անմիջական աշխատակիցները որպես կոլեգա և գործընկեր, ինչպես նաև, ընդհանուր առմամբ բնակչության բարեկեցությունը, սոցիալական պատասխանատվության առումով առանցքային նշանակություն ունեն: Հայաստանում Քրոնիմետ Գրուպի աշխատակիցների համար սոցիալական ապահովության համակարգի մշակումը և դրա հետագա զարգացումը հանդիսանում է ձեռնարկության ռազմավարության հիմնարար դրույթներից մեկը: Այս առումով, Քրոնմիետը, նույնիսկ տնտեսության ճգնաժամային փուլերում, երաշխավորում է աշխատատեղերի պահպանումը և աշխատանքի դիմաց համարժեք և ժամանակին վճարումը: 

Share