Բլոգ | 11:49 02/11/15

Շրջանառության մեջ է դրվել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ

«Հայփոստի» Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում հոկտեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկը:

Բացիկի մարմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Կրպեյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և այլք:

Գագիկ Թադևոսյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի որոշմամբ ի սկզբանե թողարկվում են արցախյան պատերազմում զոհված բոլոր հերոսներին նվիրված բացիկներ՝ հավերժացնելով նրանց հիշատակը:

Նամականիշով բացիկը թողարկվել է «Ազգային հերոսներ» շարքի շրջանակներում:

Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Կրպեյանը, խոսելով հայ ազգային հերոսներին նվիրված նամականիշներ թողարկելու նախաձեռնության մասին ասաց. «Մեզ՝ ապրողներիս համար շատ կարևոր է հիշել մեր հերոսներին, այս բացիկը ավելի շատ մեզ՝ ապրողներիս է պետք, որովհետև հերոսներն արեցին իրենց կյանքում ամենակարևորը, նրանք զոհեցին ամենաթանկը և այսօր կարևոր է նրանց հիշել»:

Ազգային հերոսի 50-ամյակին նվիրված փոստային բացիկի կենտրոնում պատկերված է Թաթուլ Կրպեյանը, աջ կողմում՝ «Հայրենիքի շքանշանն» է, որը շնորհվում է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։ Նամականիշի վրա Թաթուլ Կրպեյանի դիմանկարն է:

Նամականիշի չափերն են 25x35 մմ, բացիկինը` 150x110 մմ, ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է:

Facebook Linkedin Twitter Google+