Բիզնես | 18:48 08/11/17

5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո

5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում՝ «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Այս մասին այսօր հայտարարել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը:

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:

«Տեխնոլոգիաների զարգացումն այնքան արագ է տեղի ունենում, որ պետք է անընդհատ հարմարեցնել կյանքին և բիզնեսին: Ինովացիոն մոտեցումները հաջողությամբ կիրառվում են ՏՏ ոլորտում և դրական տենդենց իհարկե նկատվում է: Իսկ Հայաստանում ինովացիաների կիրառման մակարդակը ցածր է, ինչի համար էլ մենք հարթակ ենք ստեղծում վերջինիս զարգացման և արդյունավետ կիրառման համար: Ինժեներության և ՏՏ ոլորտում դրական շարժ ունենք, իսկ ինովացիոն պահանջարկը բիզնեսի այլ ճյուղերի կողմից այնքան էլ մեծ չէ: Ինովացիան ենթադրում է նաև ներդրում կատարելու պահանջարկ, ինչը էականորեն կապված է մրցակցության և բիզնեսմենի մտածողության հետ: Եթե գործարարի մտածողությունը ուղղված է միայն Երևանի շուկայի վրա և աշխարհում ներկայանալու խնդիր չունի, ապա ինովացիոն մոտեցումները նրան չեն հետաքրքրում», նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը ասել է. «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  ուրախ է աջակցելու Բիզնես Ինովացիոն ֆորումին, քանի որ նորարարությունը համարում ենք կաևոր գործոն ՓՄՁ զարգացման համար: Ֆորումը հիանալի հնարավորություն է   քննարկելու նորարարության, թվայնացման և ՏՏ թեմաները տարբեր շահառուների հետ, ովքեր ներկայացնում են պետական և մասնավոր հատվածը, հետազոտությունների և գիտության ոլորտը: Մենք կներկայացնենք նաև Նորարարության քարտեզագրման առաջին տպավորությունները, որն իրականացվում է տեղացի և միջազգային փորձագետների ջանքերով, որը, ֆորումի արդյունքների հետ մեկտեղ կհանդիսանա հիմք Հայաստանի նորարարության ռազմավարության մշակման համար: Բացի այդ, ծրագրի փորձագետների կողմից կանցկացվեն մի շարք հետաքրքրիր աշխատաժողովներ, որոնք կանդրադառնան բիզնես մոդելներին, ստեղծարար մտածելակերպին և այլն՝ նպաստելով տարբեր գաղափարների և մոտեցումների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին կօգնեն մուտք գործել «Դեպի նոր իրականություն»՝ օժանդակելով հայաստանյան ՓՄՁ-ներին կերտել ուղի դեպի նորարար ապագա»:   

Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի բաժիններն են.

- Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար

- Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում

- Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարություան ռազմավարությունը

- Մտավոր սեփականություն և տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները

- Հայաստանի ՏՀՏ և ԲՏ կրթության ապագան

Այս տարի միջազգային փորձագետներ կժամանեն Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից կմասնակցեն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, Դ-Լինկ, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Բիզնես ինովացիոն ֆորումի բանախոսների ցանկը ներկայացված է BIF.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Facebook Linkedin Twitter Google+