Բաժին. Բիզնես

Արթուր Զաքարյանը նշանակվել է ԱՐՄԵՆԱԼ-ի տնօրեն

ՌՈՒՍԱԼ ընկերությունը (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կարգանիշը 486, Euronext-ում՝ RUSAL/RUAL) աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը հայտարարում է Արթուր Զաքարյանին Երևանի փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն նշանակելու մասին, մինչ այս նա ձեռնարկության արտադրական գծով տնօրենն էր:

Արթուր Զաքարյանի խնդիրն է նոր պաշտոնում իրականացնել ՌՈՒՍԱԼ-ի ռազմավարությունը արտադրանքի որակի կատարելագործման, արտադրության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև բնապահպանության, արտադրական անվտանգության և աշխատանքի պահպանության ոլորտներում արդիական չափանիշների ներդրումը: Նշանակումը կատարվել է ՌՈՒՍԱԼ-ի կադրային ռեզերվի ծրագրի շրջանակներում, որը միտված է Ընկերության լավագույն աշխատակիցների զարգացմանը:

Կենսագրական տեղեկանք

Արթուր Զաքարյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լեռնամետաղագործական ֆակուլտետի բակալավրատը և մագիստրատուրան՝ «Սև և գունավոր մետաղների  ձուլման արտադրությունը» և «Նյութաբանություն և մետաղագործություն» մասնագիտացումներով: 2006 թ. հուլիսին աշխատանքի է ընդունվել ԱՐՄԵՆԱԼ-ում: Գործարանում անցել է ձուլագլանման արտադրամասի վարպետի ստաժորից մինչև վարպետի, կառավարչի և արտադրության ծրագրման բաժնի առաջատար մասնագետի, տեխնոլոգի, հերթափոխի պետի աստիճանները: 2010-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնում, իսկ 2014 թ. նշանակվել է արտադրության գծով տնօրեն:

2008 թ. առանց արտադրությունից հեռանալու պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուի ատենախոսություն, անցել է Մոսկվայի պետկան համալսարանին կից MBA ծրագրի ուսուցումը, ունի Միջազգային բիզնես ակադեմիայի հավաստագիր (IBA):

———–

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ է մտել 2000 թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալյան փայլաթիթեղ», «Սայանյան փայլաթիթեղ» ձեռնարկությունների հետ կազմում է Փաթեթավորման դիվիզիոնը:

Share