Բաժին. Բիզնես

Վերսկսվում են Բրյուսել-Երևան-Բրյուսել կանոնավոր չվերթները

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 2-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 3-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2018 թվականի փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:

Share