Բաժին. Բիզնես

Հայկական «Թագ» ապրանքանիշի հուշանվերներն արդեն շուկայում են

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ ստեղծված և ® «Թագ» ապրանքանիշի ներքո արտադրված հուշանվերներն արդեն շուկայում են և ներկայացված են 20 վաճառակետերում։ Հուշանվերների խմբաքանակներ են արտահանվել նաև Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։ Իսկ Հայաստանում դրանք ներկայացված են Ազգային պատկերասրահում, թանգարաններում, հուշանվերների խանութներում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի Հանրային կապերի թիմից:

«Վաճառակետերի թիվն առաջիկայում կավելանա՝ ընգդկրելով նաև եկեղեցիներին կից հուշանվերային սրահները: Բացի այդ, արտահանման շուկան կընդլայնվի դեպի Կանադա, Ուկրաինա, Ֆրանսիա»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Այս պահին արտադրվում են 15 անուն հուշանվերներ, որոնցից ամենամեծ պահանջարկն ունեն գլխարկները, շապիկները, թեյերն ու էջանշանները։ Զուգահեռաբար աշխատանք է տարվում առցանց վաճառք ապահովելու համար»,- նշել է «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը։

Տիգրան Մեծի, Փառանձեմ Թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով հուշանվերների արտադրության համար հատուկ ստեղծվել է ®«Թագ» ապրանքանիշը, ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ, պատկերները մշակել և արտադրությունն իրականացնում է «47 դիզայն» ընկերությունը։

Share