Բաժին. Բիզնես

Սամվել Մարտիրոսյան. Բարքեմփը Հայաստանում ՏՏ համայնքի հոգեբանության վրա դրականորեն է ազդել

Բարքեմփն ու նմանատիպ միջոցառումները նպաստել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրողների համայնքի ձևավորմանը: Նման կարծիքի է տեղեկատվական անվտանգության մասնագետ, Բարքեմփի համակազմակերպիչ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ համաժողովը հարթակ է ստեղծել հաջողված գաղափարները տարածելու, ձեռք բերված նոր գիտելիքով կիսվելու համար: Նա նշեց, որ հայկական ՏՏ արտադրանքը վերջին տարիներին ոչ միայն ուղղված է դրսի պատվերի բավարարմանը, այլև նոր գաղափարների մատակարարմանը: «Մեր ՏՏ ոլորտը վերջին մեկ-երկու տարվա մեջ լուրջ որակական փոփոխություններ է կրել, որը ներքին շուկայում այնքան էլ չի երևացել, բայց փաստացի վերջապես դարձել ենք գաղափար արտահանող երկիր: Մեծ զանգվածներ չեն, բայց դեռ տասը տարի առաջ Հայաստանը հիմնականում դրսից պատվեր էր ստանում, հետ էր ուղարկում, Հայաստանում փաստացի մնում էր միայն աշխատավարձը։ Հիմա ՏՏ համայնքի հոգեբանությունն է փոխվել, Բարքեմփի ու այլ միջոցառումների դրական ազդեցությունը դրանում է: Այն ժամանակ ամեն մեկն իր գործն էր անում, իրար հետ շփվելու, գիտելիքներով կիսվելու փորձը չկար, հիմա փաստացի սկսվել է փոխկապված համայնք ձևավորվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նկատեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկությունը նրանում է, որ երկու-երեք հոգով կարող են առաջ մղել գաղափար, որը շռնդալից հաջողություններ գրանցելու հնարավորություն է ունենում:

«Մեզ մոտ երկու բան է կարևոր. կրթությունը զարկ տալ ու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողներին ներգրավելու համար, որ մեծ գումարներ հոսեն երկիր»,-ավելացրեց նա:

Միջոցառման կազմակերպիչներից Արթուր Պապյանն էլ նշեց, որ յուրաքանչյուրը Բարքեմփի ժամանակ գտնում է իրեն հետաքրքրող թեմաներ: Նա հույս հայտնեց, որ Բարքեմփի շրջանակներում հատկապես հետաքրքիր կլինեն արտասահմանյան հյուրերի բանախոսությունները, որոնց թեմաները վերաբերում են թռչող տաքսիին, ապագայի տրանսպորտին: «Ունեինք բանախոսություն, թե ինչպես ստեղծել 350 հազար հոգանոց ֆեյսբուքյան էջ, որը շատ մեծ թվով մարդկանց է հետաքրքրել՝ չնայած այնտեղ տեխնիկական հատվածը քիչ է, ավելի շատ մարքեթինգն է: Թեմատիկ հիմնական ուղղություններն են արհեստական բանականություն, ծրագրավորում, մարքեթինգային ու մեդիա ոլորտի պրեզենտացիաներ»,-նշեց նա:

Բարքեմփն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ, այս տարի նախատեսված են միջազգային հյուրերի ելույթներ. Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։ «ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Հինգ տարի շարունակ Բարքեփի հովանավորը Յուքոմ ընկերությունն է:

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am։ Միջոցառման պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

Share