Բաժին. Բիզնես

Երևանում կարող է գործել ուկրաինական հայտնի «Delfast» էլեկտրական հեծանիվներով առաքման ծառայությունը

Մայրաքաղաքում հունիսի 16-17-ը տեղի ունեցավ ՏՏ ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ 10-րդ «ԲարՔեմփ Երևան» չկոնֆերանսը։ Այս հետաքրքիր ձևաչափով կոնֆերանսին միջազգային վարկանիշ ունեցող բարձրակարգ մասնագետները և ուղղակի հաջողակ ստարտափների հեղինակները կիսվեցին իրենց փորձառությամբ և գիտելիքներով։

«Բիզնես-24»-ը խոսեց «Delfast» էլեկտրական հեծանիվների վաճառք իրականացնող հարթակի, նաև այդ փոխադրամիջոցի շնորհիվ առաքում իրականացնող ընկերության հիմնադիր ուկրաինացի Դանիել Տոնկոպիյի հետ՝ պարզելու իր ստարտափի հաջողության գաղտնիքները։ Նշենք, որ նրա «Delfast» էլեկտրական հեծանիվն արդեն իսկ հասցրել է ընդգրկվել «Գինեսի» ռեկորդների գրքում՝ առանց լրացուցիչ լիցքավորման անցնելով 367 կմ ։  

Մեր զրուցակիցը մեզ պատմեց, որ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ մի օր վերջինս էլեկտրոնային հարթակում իր համար պատվիրել է բջջային հեռախոսը, որն այդպես էլ իրեն չի առաքվել։

«3 ու կես տարի առաջվա դեպք եմ պատմում։ Այդ օրն այնպես ստացվեց, որ ընկերներով նաև պիցցա էինք պատվիրել, որն առաքվեց 1 ժամում։ Մնալով առանց հեռախոս՝ մտածեցի, իսկ ինչու՞ ես չեմ կարող զբաղվել առաքմամբ, որը կիրականացվի մեկ ժամում», – նշեց նա։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը կյանքի է կոչվել նույնպես շատ արագ և առանց որևէ հստակ նախանշված նախագծի։ Նա մեզ պատմեց, թե ինչպես է իր գործընկերոջ հետ միասին այցելել տարատեսակ ինտերնետ-խանութներ՝ առաջարկելով իր մեկ ժամանոց առաքման տարբերակը, ու ստացել անմիջապես դրական արձագանք։

«Մենք ստացանք գրեթե բոլորից նախնական պատվերներ՝ չունենալով դեռևս որևէ ընկերություն։ Ունենալով գաղափար և նախնական պատվեր՝ մենք դիմեցինք 3-րդ կողմին՝ ներդրողին, որը մեզ տվեց 40 հազար ԱՄՆ դոլար։ Այդ գումարով մենք գնեցինք մեր առաջին էլեկտրական հեծանիվների խմբաքանակը՝ 10 հատ։ Արդեն մեկ ամիս անց մեր առաքման ծառայությունը դարձավ բավականին եկամտաբեր»,- նշեց  հաջողված ստարտափի հիմնադիրը։

Նա մեզ նաև պատմեց, որ էլեկտրական հեծանիվներով առաքման ծառայության եկամուտը տարեցտարի մոտ 20-30% ավելանում է։ Այդ հաջողությունը ստիպեց նրանց զբաղվել նաև օնլայն էլեկտրական հեծանիվների վաճառքով, որը շատ ավելի մեծ պահանջարկ է վայելում, քան առաքման ծառայությունը։

«Բիզնես-24»-ը նաև հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում նախատեսում է նման առաքման ծառայություն գործարկել։

«Ես բաց եմ, սիրում եմ այստեղի օդը, վիզայի խնդիր չունեմ, Կիևից էլ հասնում եմ Երևան 2 ու կես ժամում, անպես որ խնդիր չեմ տեսնում այս հարցում»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերջում հավելեց նաև, որ իրենք աշխատում են՝ Երևանում առաքման ծառայություն բացելու ուղղությամբ, դեռ պայմանագիր չկա, բայց բանակցություններն ընթանում են։

Share