Բաժին. Բիզնես

Սեպտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի նախագահ Բրիջիթ Բոումենը

Սեպտեմբերի 28-ին մեկ օրով Հայաստան է ժամանում Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Բրիջիթ Բոումենը։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցից (BANA)։

Բրիջիթ Բոումենը 2003 թվականից բիզնես հրեշտակ է, իսկ 2015-ի մայիսին ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում ու Շվեյցարիայում։

«Go Beyond» ընկերությունը սկսնակ և փորձառու, փոքր և խոշոր ներդրողներին հասանելի է դարձնում բիզնես հրեշտակների ներդրումային ցանցը՝ յուրահատուկ հարթակ, գործիքներ, վերապատրաստման և փորձառու բիզնես հրեշտակների հետ շփվելու հնարավորություն տրամադրելու միջոցով։

Բրիջիթ Բոումենը խորհրդատվություն է տրամադրում գործարարներին և տարբեր երկրների կառավարության ներկայացուցիչներին։

Ազգությամբ շվեյցարացի-ֆրանսիացի հայտնի կին ներդրողը շուրջ 6 ամիս բանակցությունից հետո ընդունել է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հրավերը՝ մեկօրյա անվճար կոնֆերանս ունենալու Երևանում։ Կանադայում թրեյնինգներ վարելուց հետո սեպտեմբերի 28-ի առավոտյան նա կժամանի Երևան և նույն օրը՝ ժամը 14:00-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի կունենա «Հայ-եվրոպական ներդրողների կոնֆերանսը», որին ներկա կլինեն հայաստանցի, սփյուռքահայ և եվրոպացի գործարարներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բիզնես հրեշտակների ցանցը հնարավորություն է տալիս հայկական ստարտափների մեջ կարևորագույն ներդրումներ անել։ Այսինքն՝ այն ներդրողների և ձեռնարկատերերի միավորում է, ովքեր, ֆինանսական միջոցներից բացի, ստարտափերներին և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ։

Share