Բաժին. Բիզնես

Հակոբ Արշակյանն այցելել է Zangi գրասենյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է գրասենյակի պայմանները, ապա նաև անդրադարձել ստեղծումից մինչև հաջողություն ընկած ճանապարհի պատմությունը։

«Viber»-ի ու «Skype»-ի մրցակից ընկերությունը Հայաստանում հիմնվել է դեռևս 10 տարի առաջ։ «Դասական ստարտափ ենք,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,-գաղափարն ունեի, բանկից փորձեցի վարկ վերցնել։ Անհրաժեշտ 3 միլիոնից միայն 2-ը տվեցին, մյուս միլիոնը ստիպված էի ընկերոջիցս պարքտով վերցնել»։

Սկզբում զբաղվել են զուտ ծրագրավորմամբ` «outsourcing»-ով, հաջողել, 2013-ին արդեն սկսել են աշխատել իրենց արտադրանքի` հայկական առաջին մեսինջերի վրա, և «Be interactive»-ը վերանվանվել է «Զանգի»-ի։ Հայաստանյան գրասենյակն այսօր ունի 40 աշխատակից։

2016-ին որոշել են մանրածախ շուկայից անցնել բիզնես հաճախորդներին «Զանգի»-ի տեխնոլոգիան վաճառելուն։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ այստեղ ևս հաջողություն են ունեցել և հավատացած են, որ նույն տեմպերով շարունակելով 2020-ին կհասնեն 1մլրդ կապիտալիզացիայի։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share