Բաժին. Բիզնես

ՀԾԿՀ․ ՄՏՍ Հայաստանին թույլատրվել է գնել Ռոստելեկոմը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարելուն: Այս մասին ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի նոյեմբերի 30-ի №05/11.1/19294-18 և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի նոյեմբերի 5-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր հանդիսացող, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարելուն:

2. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:

Share