Բաժին. Բիզնես

Սևան համայնքում կառուցվող բիզնես կենտրոնը հավակնում է դառնալ ՓՄՁ զարգացման հարթակ

2018 թվականից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կառուցվող բիզնես կենտրոնը հավակնում է դառնալ ՓՄՁ զարգացման հարթակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը, ԵՄ համաֆինանսավորմամբ, մեկնարկել է 2018 թվականին, որի բաղկացուցիչ մասն է կազմում բիզնես կենտրոնի կառուցումը: Ծրագրի և բիզնես կենտրոնի կառուցման նպատակն է՝ զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության և աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում և ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:

Ծրագրի առանցքում գերակայությունը տրված է Սևան համայնքի վերափոխմանը` այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն, սոցիալապես ապահով դարձնելուն:

«Դեռևս անցյալ տարի, երբ տեղի էր ունենում ծրագրի շնորհանդեսը, ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Սվիտալսկին, ով առաջին անգամ էր Սևանում, առանձնակի շնորհավորեց համայնքին՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրին հաջողված և մրցունակ առաջարկ ներկայացնելու համար: ԵՄ դեսպանը միաժամանակ շեշտեց,որ Եվրոպական միության համար անչափ կարևոր է Հայաստանի տնտեսական աճին նպաստելը, միաժամանակ գերակայություն է, որ աճը սկսվի մարզերից: ՓՄՁ-ները պետք է դառնան տնտեսական աճի շարժիչները: Այս ծրագիրը միտված է հենց դրան. ցանկացած նախաձեռնություն, որ օգնում է երիտասարդ գործարարին, սկսնակ ձեռնարկատիրոջը, շատ կարևոր է և ողջունելի: Բիզնես-կենտրոնի միջոցով իրականացվող ծրագիրն էլ հավակնում է ունենալ տեսանելի արդյունք, քանի որ առաջնահերթություններ են ընտրված մի շարք կարևոր ուղղություններ. ֆիզիկական ենթակառուցվածքների տրամադրում բիզնես համայնքին, համագործակցություն և կապերի ուժեղացում խորհրդատվական և տեխնիկական աջակցություն գործարարներին և աշխատանք փնտրողներին: «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի առանցքը բիզնես-կենտրոնի կառուցումն է, որը շուտով կհատի վերջնագիծը: Այն ներառելու է աշխատանքային 15 համընդհանուր տարածքներ գործարարների համար, աշխատանքային հանդիպումների նորարական, կոնֆերանս-դահլիճներ, տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ, որոնց միջոցով իրականացվելու են բիզնեսի զարգացման խորհրդատվություն և դասընթացների կազմակերպում, մասնավորապես` բիզնես և ռազմավարական պլանավորում, նորարարության տեղայնացում, շուկայական կապեր արտահանում- ներկրում ուղղություններով: Կենտրոնի մասնագետները կօժանդակեն նորամուծություններին, կաջակցեն բիզնեսների ֆինանսական և շուկայական կապերի հզորացմանը, Սևանի տարածաշրջանում աշխատանք փնտրողներին մասնագիտական վերապատրաստումների միջոցով կտան հնարավորություն՝ մրցունակ լինելու աշխատաշուկայում, միաժամանակ կաջակցեն աշխատանքի տեղավորման հարցում: Բիզնես-կենտրոնի կառուցման աշխատանքներին զուգահեռ՝ «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակում իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ապահովելու են կենտրոնի գործունեության լավագույն մեկնարկը»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Share