Բաժին. Բիզնես

Հունվարի 26-ին շահագործման կհանձնվի Աշոցքի դահուկային կենտրոնը

Աշոցքի դահուկային կենտրոնը շահագործման կհանձնվի հունվարի 26-ին և ոչ միայն սպորտային, այլևս ընտանեկան հանգստի կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը և ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը: «Աշոցքի կենտրոնը, որը դահուկորդների համար հրաշալի կենտրոն է դառնալու, այն նաև կլինի ընտանեկան հանգստի վայր: Դահուկային կենտրոնի բացումը մի քանի խնդիր է լուծում միանգամից` նախ Հայաստանը, որպես միջազգային դահուկային կենտրոն հայտնի դարձնելու և Աշոցքը որպես կենտրոն զարգացնելու: Աշոցքը հավակնում է դառնալ հանրային դահուկային հզոր կենտրոն»,-շեշտեց Գագիկ Սարգսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` դահուկային կենտրոնը հասանելի է նաև պարալիմպիկ մարզաձևերի ներկայացուցիչների համար:

«Արդեն երկրորդ անգամն է, որ Եվրամիությունը դահուկային փառատոն է անցկացնում Աշոցքում: Մեզ համար թիրախային է այն, որ մրցաշարին մասնակցեն ընտանիքներով»,-ասաց Վարդուհի Սարգսյանը:

ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգողի փաստմամբ, բացի կենտրոնի բացումից, կկայանա նաև երեխաների համար մրցաշար: «Մրցաշարին անձամբ կմասնակցի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հրավեր ենք ուղարկելու նաև կառավարության ներկայացուցիչներին»,-շեշտեց Սարգսյանը:

Փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Մասնակիցների համար փառատոնին մասնակցությունն անվճար է: Մրցաշարի հաղթողները կստանան նաև մրցանակներ:

Հունվարի 26-27-ը կկայանա նաև դահուկային փառատոն, որին ընթացքում շահագործման կհանձնվի նորակառույց դահուկային կենտրոնի շենքը: Կենտրոնը կառուցվել է 2,5 ամսում, ծախսվել է 31 միլիոն դրամ:

Share