Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ. «Ֆրութֆուլ Արմենիա»-ի շնորհիվ Արմավիրի մարզի երկու ԲԿ համալրվել է սարքավորումներով և գույքով

Մեծամոր և Արմավիր քաղաքների բժշկական կենտրոնները համալրվել են գույքով և սարքավորումներով: Դա հնարավոր է դարձել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծած «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ, ինչի արդյունքում, մասնավորապես, «Արմավիր բժշկական կենտրոն»-ի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռք բերվել, իսկ «Մեծամոր բժշկական կենտրոն»-ում սենյակներ են կահավորվել:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հանգանակությունը Մեծամոր բժշկական կենտրոնին հնարավորություն տվեց ձերբազատվել դեռևս 1980-ական թվականներին գնված կահույքից և   ամբողջապես կահավորել կենտրոնի ինֆեկցիոն, մասամբ նաև՝ այլ բաժանմունքներ: Սա զգալի ներդրում է մարզային առողջապահական կառույցներում սպասարկման որակի բարելավման և դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ»,- իր խոսքում ասաց «Մեծամոր բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միքայել Վանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հիվանդներին՝ առողջապահական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման հարցում հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար:

«Այս նախաձեռնությամբ, Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով  առողջապահական ծառայություններ  մատուցման պայմանները՝ մենք ազդարարում ենք «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի և Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին»,- ասել է Կոնվերս բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

Տարածաշրջանի ընտրությունը պատահական չէ. Արմավիրում ներկայացված են պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերություններից Կոնվերս բանկը՝ 3 մասնաճյուղով, Karas Vineyards-ը և Հայփոստը:

Առաջիկայում ևս Էռնեկյան ընտանիքը ակտիվորեն կներգրավվի «Ֆրութֆուլ Արմենիա» և այլ բարեգործական հիմնադրամների կողմից իրականացվող նախաձեռնություններին:

«Էռնեկյան ընտանիքը կարևորում է կրթության, առողջապահական  ոլորտներում ծրագրերի անհրաժեշտությունը հատկապես մարզերում, ինչի շնորհիվ որակյալ կրթությունն ու բուժծառայությունները հասանելի կդառնան նաև Երևանի սահմաններից դուրս>>,- եզրափակել է Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

Նշենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը ստեղծվել է 2011թվականին: Գործունեության ընթացքում իրականացվել են տարբեր բարեգործական,սոցիալական և հանրային միջոցառումներ՝ այդ թվում  Արցախի դպրոցականներին ավելի քան 10.500 համակարգիչ է նվիրաբերվել, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն: 2011-2017 թ․թ․ Արցախում արգենտինահայ բարերար Էդուրադո Էռնեկյանը կատարել է մոտ 8 մլն դոլարի նվիրաբերություն: Զուգահեռաբար, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման և բիզնես կապերի հաստատման նպատակով անցկացվել է թվով 7 միջազգային համաժողով: Պարոն Էդուարդո Էռնեկյանի նվիրաբերությամբ և նախաձեռնությամբ  Էջմիածնում բացվել է Էօրնեկեան դպրոցը: Դասավանդման պայմանները բարելավելու նպատակով անցյալ տարի կառուցվել և բացվել է դասավանդման լավագույն միջազգային չափանիշները բավարարող մասնաշենք:

Share