Բաժին. Բիզնես

Կանայք բիզնեսում․ Ինչպե՞ս հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը

Մարտի 15-ին Երևանում կայացավ «Կանայք բիզնեսում․ ինչպե՞ս պահպանել բալանսն անձնական կյանքի և գործի միջև» խորագրով հանդիպում, որի շրջանակում մասնակից կանայք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և փոխանակեցին հետաքրքիր ու կարևոր մտքեր, թե ինչպես կարելի է լավագույնս համատեղել ընտանիքն ու աշխատանքը և միաժամանակ լինել հաջողակ գործարար կին ու չզոհաբերել անձնական կյանքը: Միջոցառումը թվով երկրորդն էր, որը կազմակերպում է IQOS-ը՝ Women Talks նախաձեռնության շրջանակում:

Միջոցառման ջերմ և անմիջական միջավայրում բանախոսներն ու մասնակից հյուրերը մտքեր փոխանակեցին տարբեր հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ ի՞նչ է ուզում ժամանակակից կինը, ինչպե՞ս կարելի է պահել հավասարակշռությունն անձնական ու գործնական կյանքում, ո՞րն է աշխատանքում հաջողությունների հասնելու ու երջանիկ ընտանիք ունենալու ճիշտ բաղադրատոմսը, ինչպե՞ս կարող են հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը ազդել կնոջ որոշումների վրա: Որպես բանախոսներ հանդես եկան գիտելիքների կառավարման Brainee ստարտափի համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը և «ԻՆ ՎԻՆՈ» (IN VINO) գինու վաճառատուն-բարի ու «ՏԱՊԱՍՏԱՆ» (TAPASTAN) ռեստորանի համահիմնադիր, սեփականատեր Մարիամ Սաղաթելյանը: Նրանք ներկայացրեցին իրենց փորձը, կայացման բանաձևերը և մասնակիցների հետ անմիջական քննարկումների, հարց-պատասխանների միջոցով կարծիքներ հայտնեցին ժամանակակից կնոջ առջև կանգնած մարտահրավերների մասին:

Սոնա Հովհաննիսյանը ներկաների հետ կիսվեց իր բանաձևով, թե ինչպես կարելի է գտնել ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռություն՝ մտքում ունենալով սեփական էկոհամակարգն ու ճիշտ բաշխելով այդ էկոհամակարգի շրջանակում ունեցած դերերը, դա կարող է լինել, օրինակ՝ աշխատանք, ընտանիք, նախասիրություններ, սիրելի զբաղմունք և այլն: Արդյունքում, եթե յուրաքանչյուրը փորձի ոչ թե մեկ օրվա, այլ շաբաթվա կամ ամսվա կտրվածքով իր ժամանակը բաշխել ըստ կյանքում ունեցած դերերի, ապա կարելի է հասնել ցանկալի հավասարակշռության: Մարիամ Սաղաթելյանն իր հերթին նշեց, որ անձնականն ու գործնականը կարելի է նաև չտարանջատել․ եթե սիրում ես քո աշխատանքը, այն մարդկանց, ում հետ աշխատում ես և համարում ես նրանց քո ընտանիքը, ապա անձնականն ու գործնականը կարող է միաձուլվել: Մարիամ Սաղաթելյանը նաև խորհուրդ տվեց կանանց չվախենալ ռիսկի դիմել, և եթե անգամ չի ստացվում, կարելի է դասեր քաղել ձախողումից և շարժվել առաջ:

Ինչպես տեղեկացրեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով հաղորդակցության գործադիր Տաթևիկ Հովհաննիսյանը՝ «Women Talks» նախաձեռնությունը լինելու է շարունակական և որպես գաղափարների, մտքերի տարածման յուրահատուկ հարթակ կմիավորի կանանց, ովքեր պատրաստ են կիսվել իրենց հաջողության պատմություններով և ոգեւորող օրինակ լինել մյուսների համար:

#WomenTalks #hostedbyIQOS

Share