Բաժին. Բիզնես

Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է WCIT 2019-ի խոսնակներին

Հայտնի է՝ ովքեր են լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի 10 հիմնական բանախոսներից 5–ը, որոնք մասնակցելու են հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք համաժողովին:

«Ուրախ եմ, որ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Հայաստանում: Մենք այն կազմակերպելու իրավունքը ստացանք 2014-ին: Կազմակերպչական աշխատանքներն ընդհանուր առմամբ լավ են ընթանում: Արդեն 59 հաստատված բանախոս ունենք, բայց օրեցօր նրանց թիվն ավելանում է», – ասում է առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն ու ներկայացնում հիմնական զեկուցողներից 5-ին:

Նրանք են՝ Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն,  տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շին, հնդիկ գործարար, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. ընկերության հիմնադիր Ման Կաոն:

«Այս միջոցառումը Հայաստանում անցկացնելու նպատակն այն է, որ մեր երկիրն աշխարհին լավագույնս ներկայացնենք: Ունենալու ենք հայկական տաղավար, որտեղ ներկայացնելու ենք Հայաստանի նորարարական նվաճումները: Փորձելու ենք հյուրերին զարմացնել թե մեր անցյալով, թե ներկայով, թե ապագայով: Հյուրերն աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ ու բաժնետերեր են, գուցե նաև ցանկություն հայտնեն Հայաստանում ներդրումներ անել», – Ալեքսանդր Եսայանը լիահույս է՝ հայ մտքի ներուժը կարժանանա հեղինակավոր հյուրերի ուշադրությանը:

Share