Բաժին. Բիզնես

«Արմենիա» ավիաընկերությունը անհեթեթ է համարում իր երկու չվերթի վերաբերյալ տարածված լուրերը

«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ վերջին օրերի մի քանի հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի: Ի մասնավորի, ավիաընկերությունում անհեթեթ համարեցին «Բոինգ 737» ինքնաթիռում սեպտեմբերի 1-ին Երևան – Մոսկվա NGT 938 չվերթն իրականացնելիս սրահում կանգնած ուղևորի մասին տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին:

«Ինքնաթիռում եղել է 131 նստատեղ, և հենց այդքան էլ ուղևոր է եղել սրահում: Նման բան չի եղել, բոլոր ուղևորները նստած էին և ամրակապված: Մենք արդեն 3 տարի է աշխատում ենք և մեր առաջնահերթությունն ուղևորների անվտանգությունն է»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանն անդրադարձավ նաև Երևան-Մոսկվա մեկ այլ՝ NGT 928 չվերթի վերաբերյալ տարածված լուրերին: «Լուրեր էին պտտվում, իբր սեպտեմբերի 1-ին գերբեռնվածության պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Իրականում ինքնաթիռի էլեկտրականության անսարքությունն է եղել այլ օդանավակայանում վայրէջք կատարելու պատճառը: Թռիչքային անձնակազմը՝ օդանավի հրամանատարի գլխավորությամբ, ուղևորների անվտանգությունն առաջնահերթ համարելով ՝ որոշում է կայացրել վայրէջք կատարել Թբիլիսիում, որտեղից ավիաընկերության այլ ինքնաթիռով ուղևորները բարեհաջող հասել են Մոսկվա»,- շեշտեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը:

Air company Armenia (Արմենիա Ավիաընկերություն),  հայկական ավիաընկերություն է Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Երևանում: Կցագրված է Զվարթնոց միջազգային օդանավակայանին: Ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին և իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ին, իրականացնելով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ:

Share