Բաժին. Բիզնես

Beeline. Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն չորրորդ անգամ

Այս տարի չորրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։

Մրցանակաբաշխությունը միտված է գնահատելու հանրային կապերի ու հաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքը, միևնույն ժամանակ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Հայկական Փի Ար ասոցիացիան գիտական հետազոտության հենքով մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման է ենթարկել ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները: Ֆոկուս խմբերի, ընտրված փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իրականացվել են քննարկումներ և հարցումներ, որոնք ենթարկվել են որակական և քանակական վերլուծության:  Հետազոտության արդյունքները ամփոփվելու են մրցանակաբաշխության ընթացքում:

«Հայկական Փի Ար ասոցիացիայի աչքից ոչինչ չի վրիպում՝ քաղաքականությունից մինչև բիզնես ոլորտ՝ կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվում գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը: Այս տարի հնարավորություն ենք ընձեռել, որ կառույցներն ազատորեն ներկայացնեն իրենց ծրագրերն ու իրականացրած նախաձեռնությունները. հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետները ևս կարող էին ինքնաառաջադրվել»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

«Մենք մեր ամենօրյա աշխատանքում ձգտում ենք ապահովել բացարձակ թափանցիկություն՝ մեր հասարակայնության հետ շփումների մեջ և չափազանց կարևորում ենք այս ոլորտը։ Վստահ եմ, որ այս տեսակ հանդիպումներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների աշխատանքի գնահատումը միայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի զարգացման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հետազոտության վերջնական փուլում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվում է լավագույն եռյակը: Վերջնական փուլում, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հաղթողը:

Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR  ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ)  և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):

Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստան, Ռումորս մոնիթորինգ, Արլուպա,  N Սվիթ ստուդիո, Հեքիմյան բենդը, Արմենիա Վայն։   

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրային կապերի մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, կազմակերպել ուսուցողական ծրագրեր, քարոզարշավներ, մշակել PR ռազմավարություն, խորհրդատվությամբ զբաղվել և ֆորումների, սեմինարների և գիտաժողովների միջոցով քննարկել PR ոլորտի հիմնախնդիրներն ու տեսլականը: Մանրամասներին ծանոթացե՛ք www.armpr.org կայքէջից։

Share