Բաժին. Բիզնես

ՀՀ կառավարություն. հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Քայլեր են ձեռնարկում Հայաստանը տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու ուղղությամբ

Կառավարությունը հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիրը, որը կնպաստի տՏարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն: Արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: Ծրագրի շրջանակում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություններից: 2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան է ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող է ճանաչվել 5 ձեռներեց. նրանք կստանան 100 տոկոս ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրել են 50 տոկոս կրթաթոշակ Դրեյփերի համալսարանում սովորելու: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու ևս 3 հաղթողների հավելյալ 50 տոկոս ուսման վարձը: 2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների: Ծրագիրն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share