Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԱԿՏԻՎԱՆԱՆ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ են այցելել Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության տնտեսական և առևտրային կապերի գրանսենյակի ղեկավար Կոնստանտինոս Դասկալոպուլոսը և Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ակիս Տ. Դագազյանը։ Ինչպես տեղեկացնում են Առևտրաարդյունաբերական պալատի Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում հյուրերը ներկայացրել են իրենց այցի նպատակը՝ համագործակցության սկիզբ դնելու երկու երկրների առևտրային և տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով։ 

Ակիս Տ. Դագազյանը տեղեկացրել է, որ Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատը հիմնադրվել է 1992թ.-ին, Աթենք քաղաքում։ Վերջինս ստեղծվել է Հունաստանում գործող հայ և հույն գործարարների նախաձեռնությամբ։ Իր գործունեության ընթացքում Պալատը գործարար համաժողովներ է կազմակերպել երկու երկրների գործարար համայնքների մասնակցությամբ, ֆինանսական տպագիր ամսագրերում ներկայացնում է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև այլ միջոցառումներ է ձեռնարկում երկկողմանի գործարար կապերն ամրապնդելու նպատակով։ 

Պրն. Ակիս Տ. Դագազյանը հանդես  է եկել առաջարկով՝ կնքել փոխըմբռնման հուշագիր երկու պալատների միջև համագործակցություն հաստատելու, տեղեկատվություն փոխանակելու նպատակով։ 

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Ա. Վարդանյանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցության, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր կնքելու վերաբերյալ, որին կարող է հաջորդել համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպումը։

Share