Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական ոլորտին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, վարկավորման պայմաններին, պետական սուբսիդավորմանը և այլն: Ներկայացնելով այս ուղղություններով սկսված բարեփոխումները՝ վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին: «Շատ եմ կարևորում յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե մարդն իր առջև նպատակ չի դնում, երբևէ այդ նպատակին հասնելու բանաձև չի ունենա: Իրենց զարգացման հնգամյա ծրագրում համայնքապետը, բնակիչներն և ավագանին պետք է միասին ձևակերպեն, թե համայնքն ինչ խնդիրներ ունի և դրանք լուծելու համար ինչպես է պատկերացնում իր զարգացումը, որովհետև Երևանում ավելի լավ չեն կարող պատկերացնել, թե այս համայնքում ինչն է պակաս, ինչպես կարող է այն զարգանալ և առաջ գնալ», – շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը բնակիչներից հետաքրքրվել է՝ մանրամասն ծանոթացե՞լ են իրենց համայնքների զարգացման ծրագրերին և բացասական պատասխան ստանալով՝ հորդորել անպայման ուսումնասիրել դրանք, բարձրացված հարցերը և լուծման առաջարկությունները ներառել այդ ծրագրերում: «Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքային համաչափ զարգացմանը զուգահեռ բոլոր համայնքներում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն, ինչ նորմալ երկրում պետք է ունենա քաղաքացին՝ կենցաղային պայմաններ, աշխատատեղ, եկամուտ, երեխային կրթելու հնարավորություն, ապահով և անվտանգ կյանք, ինչպես նաև արդարության զգացում, որ եթե ինքը որպես քաղաքացի իր պարտավորությունները ճիշտ է կատարում, պետությունն էլ իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Դա երկարատև և քրտնաջան աշխատանք պահանջող գործընթաց է, բայց պետք է գիտակցենք, որ այլ տարբերակ չունենք: Մեզ ընդամենը պետք է շատ խիստ վերանայել այն ամենն, ինչ արել ենք, վերլուծել, լոզունգներով չշարժվել», – իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ժամանակակից ֆերմերների կայացումը՝ որպես գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խթան: «Այդ նպատակով ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը, բացի բիզնեսին ֆինանսապես աջակցելուց, գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրները լուծելուց, անպայման նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու: Համայնքապետը պետք է շատ ակտիվ աշխատի հիմնադրամի հետ: Նաև գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ներկայացնել հանրապետության մարզերի գոտիավորման ծրագիր՝ հաշվի առնելով կոնկրետ տարածաշրջանների առանձնահատկությունները», – նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին: «Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», – տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

Կարևորելով կրթության դերը բարեփոխումների գործընթացում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու համար յուրաքանչյուր ղեկավար պետք է անընդհատ կրթվի և զարգանա: «Մենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում 250 համայնքապետ հատուկ ուսուցում է ստանալու, թե ինչպես պետք է համայնքը կառավարել: Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում: Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ: Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», – ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրի, ծանոթացել Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախագիծն արդեն վերջնական տեսքի է բերվել, և մարտի 21-ին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բոլոր կոմունիկացիաները մեկ վայրում կենտրոնացնելու և ֆունդամենտալ վերանորոգում իրականացնելու ուղղությամբ՝ կարևորելով շինարարության պատշաճ կառավարումն ու վերահսկողությունը, սահմանված ժամկետների պահպանումը:

Share