Բաժին. Տնտեսական

Հայաստանն Իտալիայի և Ուզբեկստանի հետ դյուրացնում է տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցությունը

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև «Ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թվականի օգոստոսի 7-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը: Երկու պետությունների տարածքներով կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները հեշտացնելու և կարգավորելու նպատակով` անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի 11-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով. «4. Համակցված շարժակազմով բեռների փոխադրում կատարելիս պայմանավորվող կողմի տարածքում թույլատրվում է կցորդի կամ կիսակցորդի փոփոխություն, որը հաշվառված է պայմանավորվող կողմերի տարածքներից մեկում»: Իրականացվող փոփոխության նպատակը փոխադրումների ժամանակը և ծախսերը կրճատելն է, որի արդյունքում կբարձրանա փոխադրումների արդյունավետությունը: Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պայմանավորվող կողմի տարածքում, առանց սպասելու բեռնաթափմանը, կանջատեն կցորդը կամ կիսակցորդը և կցելով այլ կցորդ կամ կիսակցորդ կշարունակեն փոխադրումը:

Հավանություն է տրվել նաև Հայաստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը որոշում է կայացրել կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ: ՀՀ ավտոճանապարհներին սահմանված է ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի սահմանափակում, ինչը դեռևս արտացոլված չէ վերը նշված որոշման մեջ: Ընդունված նախագծով կանոնոկարգվում է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արդյունքում կպահպանվի ավտոճանապարհների ծածկույթը և կնվազեն ճանապարհների վերականգնման ծախսերը:

Share