Գործադիրը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8.0 հա գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասը Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և 25 տարի ժամկետով «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու որոշում է կայացրել: Ընկերությունն այդ տարածքում ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու նպատակով պատրաստվում է իրականացնել 176,5 մլն.դրամի ներդրումային ծրագիր: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ ինտենսիվ այգեգործության զարգացումը և տեղական ցածրաճ տնկանյութի արտադրությունը ներառված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2017 թվականի գերակա խնդիրներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է ինտենսիվ այգիների տնկարանների հիմնման գործընթացը և հետաքրքրվել, թե նմանատիպ քանի տնկարանի անհրաժեշտություն կա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նման գնահատական դեռևս չկա, որովհետև դա կապված է այն բանից, թե որքան արագ մասնավորը կներգրավվի այդ գործընթացում: Նախարարը նշել է, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաև տնկիների ներմուծումը: «Թե մասնավորը որքան արագ կմտնի, դա էլ է մեզնից կախված: Հստակ ձևակերպել ենք նաև ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը և նախապայմանները»,- նշել է վարչապետը: