Բաժին. Տնտեսական

Մեկ տարում Հայաստանում օտարվել է 8 հազար 197.93 հա հող

Հրապարակվել է թարմացված պաշտոնական վիճակագրություն՝ մեր երկրի անշարժ գույքի շուկայում 2016 թվականի ընթացքում գրացված զարգացումների մասին:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2016 թվականին հանրապետությունում օտարվել են 8 հազար 197.93 հա հողեր: Օտարված հողերն ըստ նպատակային նշանակության ունեցել են հետևյալ բաշխվածությունը. գյուղատնտեսական նշանակության հողեր 7 հազար  483.39 հա, բնակելի կառուցապատման հողեր` 408.08 հա, հասարակական կառուցապատման հողեր`164.72 հա, արդյունաբերական օբյեկտների հողեր` 71.18 հա, առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողեր` 26.64 հա, հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների հողեր`11.21 հա, ջրային հողեր՝ 32.71 հա:

Օտարված հողերից 6 հազար 721.85 հա հողերի նկատմամբ իրականացվել են առուվաճառքի, 1 հազար 431.12 հա հողերի նկատմամբ` նվիրատվության, 44.96 հա հողերի նկատմամբ` փոխանակության գործարքներ:

Հարկ է նշել, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, հանրապետությունում հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13.8%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներ արձանագրվել են ՀՀ Լոռու մարզում՝ 1 հազար 261.92 հա:

Վաճառված հողերից 1 հազար 265.01 հա հողերը հանդիսացել են պետական կամ համայնքային սեփականության հողեր:

Share