Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ, բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները սույն համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Share