Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 5.1%-ով

2017թ. հունվար-սեպտեմբերին ամիսներին, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.9%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 12.8%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 9.9%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 6.4%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,185.151 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,790.883 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,041.566 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 582.511 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 220.317 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6%:

Share